Շաբաթ օրը ամբողջ Իսպանիայով միասնության հանրահավաքներ եղան` ի պատասխան Կատալոնիայի անկախության չճանաչված հանրաքվեի, որի ժամանակ 90 տոկոսը կողմ էր անկախության, բայց 43 տոկոսը միայն քվեարկեց:
Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել Մադրիդի փողոցներ` միասնության կոչերով: Բարսելոնի ցուցարարները քաղաքական երկխոսության կողմնակից էին: Նրանք վստահ են` «Իսպանիան իր քաղաքական գործիչներից լավն է», «Եկեք խոսենք»։ Շրջանում քաղաքական անկայունության պատճառով` կատալոնյան գրանցումը սկսել է փոխել մեծ բիզնեսը. Caixa Foundation-ը, որ վերահսկում է Իսպանիայի ամենամեծ բանկերից մեկը, շտաբ-բնակարանը Բարսելոնից տեղափոխեց Պալմա դե Մայորկա` առժամանակ, մինչև ճգնաժամը ավարտվի: Ամբողջ երկիրը սպասում է Կառլես Պուչդեմոնի ուղերձին, նա խոստացել է շրջանի անկախությունը հայտարարել երեքշաբթի օրը: Մադրիդի արգելած հանրաքվեին մասնակցած 2,3 միլիոն կատալոնացիների 90 տոկոսը անկախության կողմնակից է, բայց միայն 43 %-ն է քվեարկությունը մասնակցել: Իսպանիայի կառավարությունն արդեն Կատալոնիայից ներողություն է խնդրել հանրաքվեի ընթացքում ոստիկանության կոշտ գործողությունների համար` մեղադրելով կատալոնական իշխանություններին` անօրինական հանրաքվե ձեռնարկելու մեջ: Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Էնրիկ Միլոն հայտարարեց, որ ի վիճակի չլինելով օգնել, «ցավում է կատարվածի համար և ներողություն է խնդրում սպաների անունից, որ հարկադրված էին միջամտել՚։ Հանրաքվեն կանխել փորձող ոստիկանների գործողություններից 900 մարդ է տուժել, վնասվածքներ ունեն 33 ոստիկաններ: Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինիգո Մենդես դե Վիգոն նույնպես ներողություն խնդրեց ոստիկանության կիրառած ուժի համար և հույս հայտնեց, որ նոր ընտրությունները Կատալոնիայում կարող են շտկել վիճելի հանրաքվեի հետևանքով ստեղծված իրավիճակը: Սպասվում է, որ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը երեքշաբթի օրը ուղերձով կդիմի խորհրդարանին, երբ Իսպանիայի Սահմանադրական դատարանը արգելել էր խորհրդարանի երկուշաբթի օրը ծրագրված նիստը, որի ժամանակ սպասվում էր Կատալոնիայի անկախության հռչակումը:
Կատալոնիայի նախկին ղեկավար Արթուր Մասը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ շրջանը դեռ պատրաստ չէ անկախության, թեպետ ինքն էլ ավելի վաղ կարծում էր, որ Կատալոնիան արժանի է ինքնորոշման իրավունքի:
Բարսելոնի ու Մադրիդի քաղաքական գործիչների շարունակվող դիմակայությունը կարող է կողմերից յուրաքանչյուրին մղել վտանգավոր քայլերի։ Բարսելոնը կարող է միակողմանի անկախության հռչակագիր ընդունել, Մադրիդը կարող է վերացնել Կատալոնիայի ինքնավարությունը: Այս քայլերից յուրաքանչյուրը Իսպանիայում սահմանադրական ճգնաժամ կստեղծի: Թվում է` կողմերը պատրաստ են դադար վերցնել: Մարիանո Ռախոյը լռում է: Կառլես Պուչդեմոնը պատրաստվում է Կատալոնիայի խորհրդարանին երեքշաբթի դիմել, թերևս նա սահմանափակվի ընթացիկ ձևակերպումներով, որը մանևրի տարածք կթողնի:
ВВС
Հ.Գ. Արթուր Մասը իրավացի է` բացի այն, որ հանրաքվեին 43 տոկոսն է մասնակցել, այսինքն` համարյա այնքան, որքան Կատալոնիայում կատալոնացի կա, ոչ բոլորն են ուզում անկախանալ ու Եվրամիությունից դուրս գալ: Կատալոնիայի երկրորդ մեծ նահանգի մայրաքաղաք Տարագոնայում ընտրողների մեկ երրորդն է միայն քվեարկել հանրաքվեում: Տարագոնացիներն ուզում են մնալ Իսպանիայի կազմում և միասնության կողմնակից են: Տարագոնան ծովեզերքին է, 100 կիլոմետր է հեռու Բարսելոնից և ռազմավարական կարևոր կենտրոն է։ Ինքնավարության երկու նավահանգիստներից մեկը Տարագոնայում է, հարավում քիմիական կլաստեր ձևավորած արդյունաբերական ձեռնարկություններն են, քաղաքի արվարձանում Պորտ Ավենտուրա զվարճանքի կենտրոնն է և Ռեուս օդանավակայանը, որ օգտագործում են լոուկոստերային ավիաընկերությունները:
Հոկտեմբերի 10-ին գուցե պարզ դառնա, թե հոկտեմբերի 1-ին ինչի հասավ Կատալոնիան և ինչ պիտի անի Մադրիդը: Իսկ իսպանացիները երկրի ամբողջ տարածքում համոզված են, որ Իսպանիան ավելի լավն է իր քաղաքական գործիչներից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ